Գառնի տաճարի և Գեղարդի վանքի մասին տեղեկություն

Հայաստանի հնագույն բնակավայրերից է. որպես բնակավայր հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 2166 թվականին։ Ըստ կիսաավանդական պատմության՝ կառուցվել է մ. թ. ավելի քան 2000 տարի առաջ։ Խորենացին նրա կառուցումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին։ Իբր վերջինիս թոռան՝ Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի։ Առաջին անգամ հիշատակում է հռոմեական պատմագիր Տակիտոսը՝ Գորնեա անունով։ Հայկական աղբյուրները հիշատակում են նաև Գեղամի բերդ, Գեղամի դաստակերտ անուններով։ Հավանաբար հիմնադրվել է մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Մ.թ.ա. առաջին դարի կեսերին գյուղն ավերվել է հռոմեական զորքերի կողմից, նորից վերականգնվել Տրդատ Ա— ի օրոք՝ հավանաբար 77 թ.։ Արտաշիսյանների և Արշակունիների օրոք եղել է զորակայան, ամառանոց, եպիսկոպոսանիստ։ Ամրոցը արաբական նվաճումների ժամանակ ավերվելուց հետո նորից վերականգնվել է Աշոտ Բ -ի օրոք, իսկ դրան կից ավանը ոչ միայն շարունակում էր պահպանել իր գոյությունը, այլև 10-րդ դարից համարվում էր գյուղաքաղաք։ Գառնիում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բնակավայրեր, ուշ բրոնզեդարյան դամբարաններ, հնագիտական զանազան նյութեր, Արգիշտի թագավորի մի սեպագիր արձանագրություն և այլն:

Գառնին հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։ Գանռիում է գտնվում Գառնի ամրոցից ու Միհր աստծուն նվիրված 1-ին դ. հեթանոսական տաճարը։

Բացի այդ, այստեղ են գտնվում 4 դարի միանավ եկեղեցու ավերակները, Սբ. Պողոս-Պետրոս (XII-XIII դար) և Սբ. Սարգիս (XI դար) եկեղեցիները, XII դար կենտրոնագմբեթ Մաշտոց Հայրապետի եկեղեցին, “Թուխ Մանուկ” և Սբ. Սարգիս (IX դար) մատուռները, Գառնու կամուրջը (XI դար)։

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։

Զարգացած միջնադարում՝ պետականության վերականգնումից հետո (Բագրատունիների թագավորություն, 885-1045), Հայաստան ներխուժած արաբական զորքերը զորավար Նասրի հրամանով կողոպտում ու թալանում են վանքը։ 920-ական թվականների ավերից հետո վանքը վերակառուցվում է ու շրջափակվում պարսպապատով։ Վանական համալիրի տարածքում պահպանված արձանագրությունները վերաբերում են 1160-ական թվականներին, այն համարվում է 13-րդ դարի կառույց։ Գեղարդի վանքը զարգացման գագաթնակետին է հասնում Վրաց թագավորության կողմից Արևելյան Հայաստանի տարածքներն ազատագրելուց հետո, երբ հիմնադրվում է Զաքարյան իշխանապետությունը (1200-1261)։

Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը[3]։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։Geghard...2.jpg

0 comments on “Գառնի տաճարի և Գեղարդի վանքի մասին տեղեկությունAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով