Տեղեկություններ Թեղենյանց Վանքի Մասին

Հնավայրի հնագույն կառույցը եղել է 6-7-րդ դարերով թվագրվող փոքր խաչաձև, եռախորան կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումներով։ Այդ շինությունից մոտ 30 մ արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 11-րդ դարի առաջին կեսին։ Գեղեցկությամբ առանձնանում է Ավագ խորանի ճակատամասը, որի մակերեսին երկրաչափական, բուսական և կենդանական թեմաներով հարթաքանդակներ են։ Պատկերը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ։ 1207 թ.-ին իշխան Վահրամ Չավուշը Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել է քառասուն, բրգաձև երդիկով գավիթ, որի շարվածքի սև և կարմիր տուֆի համադրությունը ներսում բազմագունություն է մտցրել։ Կաթողիկե եկեղեցուն հարավից կից է գրատունը՝ արևելյան կողմում գրիչների համար նախատեսված չորս խցերով, իսկ գավթին հյուսիսից կից է քառասյուն մի շինություն, որը ենթադրաբար ծառայել է որպես մատենադարան։ Վանական համալիրի հյուսիսարևմտյան կողմում առանձին կանգնած է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատան հյուսիսային պատը (13-րդ դար)։ Համալիրի արևմտյան կողմում գտնվում է վանքի գերեզմանատունը։ 1827թ.-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից։ 1979 թ-ին հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ սկսվել ու հետագա տարիներին պեղվել է վանքի տարածքը։ Այդ պեղումներով են բացվել հողածածկ Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, փոքր եկեղեցին։

0 comments on “Տեղեկություններ Թեղենյանց Վանքի ՄասինAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով